ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ, Ֆրանսիան կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, տեղեկանում ենք ԵԱՀԿ–ի Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջից։
«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Բացի այդ, Ֆրանսիան վերահաստատել է այդ հարցում ներդրում ունենալու իր պատրաստակամությունը բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել է։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։