ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլ այն պահպանելու գործում: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
«Հասկանալի է, որ ներկայում ԵԱՀԿ-ն իր լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա»,–ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին, ըստ Միրզոյանի, Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել:
ԱԳ նախարարը նշել է, որ տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը։
«Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը: Ավելին՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի»,–ասել է նա։
Նշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը կարող են կոնսենսուսի միջոցով վերջ տալ այդ մանդատին։