ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում փոխարինող անդամ Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի Հռիփսիմե Գրիգորյանը՝ փոխարինող անդամի կարգավիճակում: Նման որոշում է կայացվել ԱԺ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«ԱԺ խորհրդի որոշմամբ կատարված փոփոխություններով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունը կղեկավարի Սարգիս Խանդանյանը՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: Պատվիրակության փոխարինող անդամ Սարգիս Խանդանյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հռիփսիմե Գրիգորյանին՝ Լիլիթ Մինասյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ։ Ըստ այդմ, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարած պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Բաբկեն Թունյանը: Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբում էլ Վահագն Հովակիմյանին կփոխարինի Մարիամ Պողոսյանը: