Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Հայաստանն ու Արցախը կապող միակ ուղին` Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետությունում հերթական անգամ դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00–ի դրությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել էլ, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։