Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի հարցով դիմել է միջազգային գործընկերներին

Նամակում միջազգային գործընկերներին կոչ է արվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:
Ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից։
Նշվում է, որ շրջափակման մեջ է գտնվում 120.000 հայ, և որ ԼՂ–ում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:
«Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչ վերջին շաբաթների ընթացքում մնացել է արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում:
Շրջափակման հետևանքով Հայաստանում են մնացել 270 անչափահաս, որոնց ծնողներն Արցախում են:
Ֆրանսիան կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը
ՀՀ ԱԺ նախագահը նաև տեղեկացրել է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության:
«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է գրության մեջ:
Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի և բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական և թշնամական գործողությունը և կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը:
«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԼՂ–ում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ասված է նամակում:
Հավելենք, որ սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի 2-րդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել է։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։