ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն վերջին շրջանում խնդիրներ կան, հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։
«Մինչ այդ եթե Ադրբեջանը որևէ ռազմական գործողություններ էր անում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի, նկատի ունեմ` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, քանի որ ՀՀ տարածքում չէր, բայց սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը` 3 տարածաշրջաններում և տարբեր ուղղություններով 5-7 կմ առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։ Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛ Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին, մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն եղել մինչև հիմա»,– հայտարարեց Խաչատուրյանը։
Նա շեշտեց` չնայած դրան Ռուսաստանը ևս մասնակցել է պատերազմը կանգնեցնելու բանակցություններին, որին ակտիվ մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Օգտվելով առիթից` Խաչատուրյանը բոլորին շնորհակալություն հայտնեց գործադրած ջանքերի համար` անկախ դրանց ծավալից։
Խաչատուրյանը նշեց` Հայաստանը, ինչպես և Էստոնիան, փոքր երկիր է, և մեր անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։
«Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին (նկատի ունի ՀԱՊԿ–ը. խմբ.), բայց ինչ–որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»,– հայտարարեց Խաչատուրյանը։
Նա հավելեց, որ բանակցությունները կշարունակվեն, և ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի։ Նրա խոսքով` ժամանակի ընթացքում ինչ–որ փոփոխությունների անհրաժեշտություն առաջանում է։
«Մեր հարևան Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են, դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի հայտարարությունները, և մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու»,– ընդգծեց ՀՀ նախագահը։