ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը` նշելով, որ այս համատեքստում Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։
«Այժմ Հայաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, ես սիրով ընդունել եմ Ձեր հրավերն այցելել Էստոնիա։ Երկկողմ հարաբերություններում նախագահական այցերի շուրջ 20-ամյա ընդմիջումը որևէ կերպ չի համապատասխանում 2 երկրի ու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն: Այս բացթողումը պետք է հնարավորինս ակտիվ կերպով լրացնել և սերտացնել մեր կապերը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն էլ նշել է, որ իր համար շատ սպասված էր այս հանդիպումը, քանի որ հայ-էստոնական հարաբերություններն ունեն լավագույն ավանդույթներ և զարգացման մեծ ներուժ։ Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշվել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, թվայնացման, կիբերանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտները: