Շոլցն ընդունել է Գերմանիայի պաշտպանության նախարարի հրաժարականը

Վերջերս Քրիստինա Լամբրեխտը հաճախ էր հայտնվել քննադատության կիզակետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը, որն այսօր հայտարարել է հեռանալու մասին: Լամբրեխտն իր որոշումը բացատրել է սեփական անձի նկատմամբ ԶԼՄ-ների մեծ ուշադրությամբ։
«Ամիսներ շարունակ ԶԼՄ-ների սևեռուն ուշադրությունն իմ անձի ուղղությամբ գրեթե թույլ չի տալիս լուսաբանել և քննարկել զինվորների, բունդեսվերի և անվտանգության քաղաքականության կուրսի իրավիճակը՝ ի շահ Գերմանիայի քաղաքացիների»,-գրել է Լամբրեխտը սոցիալական ցանցերում:
Լամբրեխտն այս պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց մի փոքր ավելի և հիշվել է հարցազրույցով, որում խոստովանում էր, որ ռազմական կոչումներից բան չի հասկանում։
Նա հայտնի է նաև Ուկրաինային հինգ հազար սաղավարտների մատակարարման մասին հայտարարությամբ, որը հնչեցրել էր 2022 թվականի հունվարին՝ դեռևս ռազմական գործողությունների սկսվելուց առաջ։
Պաշտպանության նախարարը երկար ժամանակ Շոլցի կաբինետի ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն էր։ Սակայն նրա հրաժարականը պահանջող կոչերն ուժեղացան սոցցանցում ամանորյա անհաջող ուղերձից հետո, որում նա հանդիսատեսին դիմում էր Բեռլինի կենտրոնում հրավառությունների և ճայթուկների պայթյունների հնչյունների ներքո:
Վահագն Խաչատուրյանը Լաչինի միջանցքի խնդիրը քննարկել է Գերմանիայի նախագահի հետ
Տեսանյութում նա հիշում էր ուկրաինական իրադարձությունների մասին՝ ասելով, որ հակամարտությունն իր համար ասոցացվում է «շատ առանձնահատուկ տպավորությունների, հետաքրքիր, մեծ մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումների» հետ։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կանցլերը նոր նախարարի անունը կարող է հայտնել արդեն վաղը` հունվարի 17-ին։ Լամբրեխտի հնարավոր իրավահաջորդների թվում են Եվա Հեգլը (զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնակատարը), ինչպես նաև Զիմտե Մելլերը (պաշտպանության դաշնային նախարարին կից խորհրդարանական պետքարտուղարը)։