Շատերն են քննադատել Լաչինի շրջափակումը, բայց գործողություններ են պետք. Պատապուտյան

Արտեմ Պատապուտյան. Արխիվային լուսանկար
Նոբելյան մրցանակակիրը թվիթերյան իր գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքն արգելաբացելու ուղղությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել: Twitter-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, բժշկագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը:
«Հարկավոր է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի հայերի դեմ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին: Շատերն են քննադատել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն պետք է գործողություններ ձեռնարկել», - գրել է Պատապուտյանը։
Նշենք, որ Պատապուտյանը 2022-ի ամռանը Հայաստան էր ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։