ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը եկեղեցու շարքերից հեռացրել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին` ոսկերիչ Լևոն Գագաչյանին: Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։
Նման որոշման պատճառը սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին Գագաչյանի արած գրառումներն են։
Նշվում է, որ նրան 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցցանցերում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար: Այդ ժամանակը նաև երկարացվել է Սուրբ ծննդյան կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։
«Հանրությանը հայտնում ենք, որ սկսյալ հունվարի 14-ից նրա կապերն այլևս խզված են հայ եկեղեցու հետ»,- պատրիարքոարանի հայտարարությունն է մեջբերում կայքը։
Եկեղեցու որոշումը նոր աղմուկ է բարձրացրել։ Գագաչյանն այդ թեմայով հարցազրույց է տվել թուրքական առաջատար «Hürriyet» իշխանամերձ թերթին` նշելով, թե որոշումն իր համար անակնկալ էր, քանի որ դրանից առաջ ինքը հրավիրվել էր պատրիարքի մոտ, իրենք զրուցել ու համաձայնության էին եկել: Ըստ Գագաչյանի՝ պայմանավորվել էին, որ ինքը կջնջի գրառումները, իսկ հետագայում խնդիրների մասին անմիջապես պատրիարքին կասի:
«Բանադրման որոշումը կարդալիս շատ զարմացա: Թուրքիայի պատրիարքությունն այդ բանն անելու իրավունքը չունի: Իմ խնդիրը եկեղեցին չէ, անձերն են: Ինձ ուղարկած որոշման տակ ստորագրած բոլոր անձանց դատի եմ տալու»,- ասել է Գագաչյանը «Hürriyet»–ին:
Ermenihaber.am-ի տեղեկություններով` Գագաչյանը գրառումները չի էլ ջնջել։
Նշվում է, որ պատրիարքարանի որոշումն աղմուկ է բարձրացրել նաև հայ համայնքում, քանի որ նման բան ավելի քան մեկ դար չէր եղել:
Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Պոլսո հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: