Պայթյունից հետո գիտակցությունս լավ չէր. Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը` Երանոսյանի գործով

Արխիվային լուսանկար
Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրգործով այսօր հարցաքննության ժամանակ մանրամասներ հայտնեց, թե 2018-ի ակցիաների ժամանակ ինչպես է վնասվածքներ ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում էր․ նա՝ որպես տուժող, հարցաքննվեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով։ Երանոսյանը ներկա է նիստին, այն նախագահում է դատավոր Հարություն Մանուկյանը։
Նշենք, որ Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրգործի նյութերի` նա 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Սիմոնյանն այդ ժամանակ Երևանի ավագանու անդամ էր։
Սիմոնյանը դատարանում հայտնեց, որ 2018-ի ապրիլի 16-ին խաղաղ ձևով ակցիա էին անում` ընդդեմ այն բանի, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ղեկավար ընտրվի։
«Ես Բաղրամյան փողոցի ձախ թևում էի գտնվում` փշալարերի առջև։ Փշալարերի վրա սաղավարտ կար ընկած, փորձում էի վերցնել, սակայն ոստիկաններից մեկը հարվածեց ձեռքիս։ Հենց այդ պահին էլ պայթյուն տեղի ունեցավ։ Այսինքն` այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ուզում է գնալ իր աշխատանքի վայր, որից հետո պայթյուններ հնչեցին։ Ես վնասվածք եմ ստացել երկրորդ կամ երրորդ պայթյունի հետևանքով»,–ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ պայթյունից հետո իր հետևում «Նիվա» մակնիշի մեքենա է տեսել, որի վրա հենվել է, և փորձել շնչառությունը վերականգնել։ Սիմոնյանը նշեց, որ պայթյունից հետո գիտակցությունը «վատ վիճակում» էր և չէր հասկանում, թե ինչ է կատարվում։
Երանոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ այդ դեպքերի տեսանյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հավաքի մասնակից մի խումբ մարդիկ մինչև պայթյունները «Նիվան» հրելով մոտեցրել են ոստիկանական խմբերին։ Բացի այդ, բազմաթիվ դեպքեր են առանձնացվել, որտեղ երևում է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել մինչև պայթյունները։ Պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել Սիմոնյանի նախաքաննական ցուցմունքը` ասելով, որ նախաքննության և այսօր տված ցուցմունքներում էական հակասություններ կան։
Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Դատավորը հրապարակեց Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինս հայտնել էր, որ ինքն ու Տիգրան Ավինյանը փորձել են անցնել փշալարի վրայով, սակայն այսօր դատարանում նա նման դեպքի մասին չխոսեց։ Բացի այդ, նախկինում Սիմոնյանը հայտնել է` հնչել է մեկ պայթյուն, որի ժամանակ էլ վնասվածք է ստացել, իսկ այսօր այլ բան ասաց։ Ի պատասխան Սիմոնյանը հայտնեց` նախաքննության ժամանակ իր ասածները համապատասխանում են ճշմարտությանը։
Ի դեպ, նիստին բացի Սիմոնյանից, այլ տուժողները ներկա չէին, ինչի պատճառով էլ հարցաքննությունից հետո նիստը հետաձգվեց։ Դատավոր Հարություն Մանուկյանը հավելեց, որ եթե հաջորդ նիստին ծանուցված այլ տուժողները չներկայանան, ապա նրանց բերման կենթարկեն։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 6-ին, ժամը 15-ին։