ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Յակուտիայի Լեռնային շրջանի Տոնգուլախ օդերևութաբանական կայանն այսօր -62,4 աստիճան է գրանցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Յակուտիայի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Տատյանա Մարշալիկը:
«Լեռնային շրջանի Տոնգուլախ կայանում բացարձակ նվազագույն ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։ Այնտեղ այսօր դիտվել ՝ մինուս 62,4 ջերմաստիճան՝ մինուս 61,8 բացարձակ նվազագույնի պայմաններում, 1993 թվականից ի վեր այդ ռեկորդը չէր գերազանցվել։ 2023 թվականի սկզբին Յակուտիայում մինուս 62 աստիճան է գրանցվել Ժիլինդա Օլենեկսկի ուլուսի եղանակային կայանում։ Այս տարի հանրապետությունում այս ջերմաստիճանից ցածր դեռ չէր եղել»,-նշել է Մարշալիկը։
Օդերևութաբանը պարզաբանել է, որ ռեկորդը սահմանվում է, երբ գրանցվում է օդերևութաբանական կայանում գրանցված բացարձակ առավելագույնից բարձր կամ բացարձակ նվազագույնից ցածր ջերմաստիճան։ Մարշալիկի խոսքով՝ երբեմն ԶԼՄ-ները լուրեր են հրապարակում Յակուտիայի այս կամ այն բնակավայրերում սահմանված «ռեկորդների» մասին, որտեղ իբր գրանցվել է մինուս 75-80 աստիճան:
«Փետրվարին կլրանա Յակուտիայի Օյմյակոն քաղաքում բացարձակ նվազագույնի գրանցման 90 տարին, այնտեղ 1933-ին -67,7 աստիճան է արձանագրվել: Անցած տարիների ընթացքում այդ թիվը մեզ մոտ դեռ ոչ մի տեղ չի գերազանցվել։ Չի կարելի սենսացիա որսալ՝ հիմնվելով ցածրորակ կենցաղային ջերմաչափերի տվյալների վրա, դա սխալ է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայում անոմալ սառնամանիքները կպահպանվեն մինչև հունվարի 18-ը, երկուշաբթի մինուս 60 աստիճանից ցածր կլինի 19 շրջանում:
Երկուշաբթի օրը, Յակուտիայի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի վարչությանտվյալներով, 12 օդերևութաբանական կայաններում գրանցվել է մինուս 50 աստիճանից ցածր ջերմաստիճան: