Միրզոյանը Գուտերեշի հետ խոսել է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու մասին

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակում միջազգային կառույցների հասցեական արձագանքն ու գործուն քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նրա հետ խոսել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու կարևորության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը շեշտել է նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։