ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 100 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ Bulldog զրահամեքենաներ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նա Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Համայնքների պալատում։
Ուոլեսը հավելել է, որ Կիևին կուղարկվի 20 միլիոն ֆունտ արժողությամբ տեխնիկա ականապատ դաշտերի մաքրման և կամուրջների կառուցման համար, նաև տասնյակ անօդաչու թռչող սարքեր՝ հրետանին ուժեղացնելու համար:
Ուոլեսի խոսքով՝ աջակցության նոր փաթեթը ներառում է ևս 100 հազար հրետանային արկեր, հարյուրից ավելի ժամանակակից հրթիռներ, միջին հեռահարության ՀՕՊ հրթիռներ, խոստացված «Challenger 2» տանկերի էսկադրոն և այլն։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 325-րդ օրը։