ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով փոխգործակցության հարցերի շուրջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Բեռլինում զրուցել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենիի հետ: Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ում ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, 2022–ի նոյեմբերի 3–ին Քերոբյանն ասել էր, որ Հայաստանը Գերմանիայի հետ քննարկում է համատեղ կանաչ ջրածնի արտադրություն հիմնելու հնարավորությունը։