ՀՀ նախագահն ու Էստոնիայի վարչապետն ընդգծել են կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող Վահագն Խաչատուրյանը հերթական հանդիպումն է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Հայտնել էինք, որ ՀՀ նախագահն աշխատանքային այցով Էստոնիայում է։
«Կողմերն ընդգծել են կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վահագն Խաչատուրյանն ու Կայա Կալասը
Հիշեցնենք, որ Խաչատուրյանը հանդիպել է նաև Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ։ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։