Համատեղ ջանքերը կարևոր են. ՀՀ ԱԽՔ–ը Արցախի արտգործնախարարի հետ խոսել է Լաչինի մասին

Արցախը շրջափակման մեջ է արդեն 35 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Պաշտոնյաները խոսել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակից։
«Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիները կարևորել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։