Համաշխարհային բանակային խաղերի հայաստանյան հաղթողները կպարգևատրվեն

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ-ում քննարկվում է «Ֆիզկուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով անդրադառնում են ռազմական խաղերին հաղթողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Համաշխարհային բանակային խաղերին Հայաստանի այն մասնակիցները, որոնք մրցանակակիր կդառնան, կպարգևատրվեն։ «Ֆիզկուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումների նախագիծը ԱԺ-ում ներկայացնելով ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Բանակային կամ ռազմական խաղերն ամենամասսայականն են` Օլիմպիական խաղերից հետո։ Դրանց սովորաբար մասնակցում է մոտ 200 երկիր։ Սակայն բանակային խաղերն ընդգրկված չեն մեր միանգամյա պարգևավճար ստանալու միջոցառումների ցանկում, երբեմն մեր հավաքականներն այդ խաղերին ուղարկում են 2-րդ և 3-րդ համարներին` ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում պատրաստվելու»,-ասաց Գիլոյանը։
Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անեն, որ մարզիկները շահագրգռվեն մասնակցել այդ խաղերին։ Իսկ դա, ըստ փոխնախարարի, հնարավոր է անել միայն այս ձևով` բանակային խաղերում հաղթանակով վերադարձողները պետք է պարգևատրում ստանան։
Միաժամանակ, Գիլոյանը հայտնեց, որ նախորդ տարի 307 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է ամենահեղինակավոր մրցումներում։