ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Fly Arna» ավիաընկերությունը փետրվարից 7–ից Երևան–Նովոսիբիրսկ ուղիղ չվերթեր կիրականացնի։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Երևանի «Զվարթնոց» և Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանների միջև շաբաթական 2 չվերթ կիրականացվի։ Երեքշաբթի և ուրբաթ օրերին թռիչքները կլինեն Երևան–Նովոսիբիրսկ ուղղությամբ, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին` հակառակ։
«Մոսկվայից, Սոչիից և Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ «Fly Arna»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է։ 2023-ին մենք շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», - ասել է ընկերության մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
«Fly Arna»-ն հայկական ազգային ավիափոխադրողն է և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: