Ձերբակալվածների պահման վայրերում խնդիրներ են արձանագրվել. ի՞նչ է մատնանշում փոխնախարարը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (16 մարտի, 2022թ). Աբովյան. Արխիվային լուսանկար
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ–երում շինության և կահավորման առանձնահատկությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ձերբակալվածների պահելու վայրերի (ՁՊՎ) առանձնահատկությունների, ստանդարտների համապատասխանության և այլ հարցերով արդեն իսկ արձանագրված խնդիրներ կան։ Այս մասին «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացնելիս ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Հասարակական դիտորդների խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված արձանագրումներ ունենք։ Արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված աստիճանների թեքահարթակների բացակայության մասով, կամ զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան: Կառավարության այս որոշումը լավ առիթ է՝ վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և սահմանելու նոր ստանդարտներ: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում սա կարևոր ուղղություն է»,– ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ կառավարության այս որոշմամբ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:
«Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները: Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների՝ ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ»,- ասաց ՆԳ փոխնարարը:
Կառավարության այդ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում: