Արցախի «անգլուխ» մնալը բերելու էր շատ ավելի ծանր հետևանքների. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Տիգրան Աբրահամյանի կարծիքով Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի մոտեցումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Պետության անգլուխ մնալը բերելու էր շատ ավելի ծանր հետևանքների։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով հարցին, թե ինչի կարող են հանգեցնել բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականները Արցախում։
«Իրավիճակը բավական ծանր է ու գնում է դեպի ծայրահեղ ծանր վիճակի։ Այս պայմաններում քաղաքական այդպիսի պրոցեսների զարգացումը խնդրահարույց կլինի»,– ասաց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ խնդիրներից, ցանկացած հարցի շուրջ Արցախում պետք է լինեն լայն քննարկումներ։
«Այս պահի դրությամբ օրակարգից դուրս է եկել արտահերթ ընտրությունների հանգամանքը, և Արցախի քաղաքական վերնախավը կենտրոնացել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վրա»,– նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցով որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի, արցախյան շարժման հիմքում ընկած մոտեցումներին։ Իսկ Արցախի մոտեցումը էականորեն տարբերվում է Հայաստանի իշխանության դիրքորոշումից:
«Ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի հետ կապված՝ Արցախի ու Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ, բայց որոշակի ուղղություններով՝ սոցիալական, տնտեսական, որոշակի մակարդակի վրա հարաբերություններ ընթանում են», - նշեց պատգամավորը:
Արցախի Անվտանգության խորհուրդը մի քանի օր անց կրկին նոր քարտուղար ունի
Իսկ այն, որ ՀՀ իշխանությունն ասում է, թե արցախցիները պետք է խոսեն ադրբեջանցիների հետ, ըստ Տիգրան Աբրահամյանի, նպատակ է հետապնդում Հայաստանին դուրս հանել Արցախի ճակատագրի հետ կապված ցանկացած գործընթացից: