ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալերենով երկրպագուներին է պատմել հայրենիքի ու իր մասին։ Ֆուտբոլիստի տեսահոլովակը հրապարակվել է «Ինտեր» ակումբի պաշտոնական հարթակներում։
Տեսահոլովակի սկզբում Հենրիխ Մխիթարյանը թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։
«Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, հատկապես ամռանն այնտեղ շատ տաք է։ Ես վերադառնալու եմ այնտեղ, երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս»,– ասում է նա տեսահոլովակում։
Առաջին անգամ Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս այցելել Սևանա լիճ, Խոր Վիրապ, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։ նա խորհուրդ է տալիս այցելել նաև հայկական ռեստորաններ «լավ հաց ուտելու» համար։
Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակում պատմում է նաև, թե ինչպես սկսեց ֆուտբոլ խաղալ և իր հոր` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։
«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։
Մխիթարյանը պատմել է նաև, թե ինչ սպորտաձևեր են սիրում Հայաստանում և ինչ հաջողություններ է գրանցել մեր երկիրը այլ սպորտաձևերում։ Նա օրինակ է բերել, մասնավորապես, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը։