Հայտնի է նոր «Միսս տիեզերքի» անունը

Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Նոր Օռլեանում հունվարի 14-ին անցկացված «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել «Միսս ԱՄՆ» Ռ'Բոննի Գաբրիելը։
Կիսաեզրափակիչի 16 մասնակիցներից երեկոյան զգեստներով դեֆիլեից հետո լավագույն հնգյակում հայտնվել էին Վենեսուելայի, ԱՄՆ-ի, Պուերտո Ռիկոյի, Կուրասաոյի և Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհիները:
Հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի ներկայացուցիչը։
Գաբրիելը առաջ է անցել վենեսուելացի Ամանդա Դուդամելից, որը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդը Դոմինիկյան Հանրապետությունից Անդրեինա Մարտինեսն է։
28-ամյա Գաբրիելը զբաղվում է էկոլոգիապես մաքուր հագուստի դիզայնով, ղեկավարում է մի ընկերություն, որն իր անվան տակ նորաձևության գիծ է թողարկում, աշխատում է որպես մոդել և «կարի հրահանգիչ» ոչ առևտրային սրահում:
Հաղթողի թագը նա ստացել է նախորդ «Միսս Տիեզերք» Հարնաազ Սանդուի ձեռքից (Հնդկաստան)։
Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։
71-րդ «Միսս տիեզերքին» մասնակցում էր 84 երկիր։