ԿԽՄԿ-ն Հայաստանից Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ պարագաներ

Կարմիր խաչի ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
ԿԽՄԿ–ից հայտնել են, որ բեռը իրենց չի պատկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա։
Բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։