ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թռչունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov կայքում տեղադրված վարչապետի որոշումից։
Նշենք, որ Կարեն Թռչունյանը նշանակվել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ 2021թ–ի փետրվարի 23–ին։
Նա կենսաբանական գիտությունների պրոֆեսոր է։ Մինչև ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվելը եղել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող, այնուհետև ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն և գիտաշխատող։
Ունի 100-ից ավելի տպագրված աշխատանքներ մեծամասամբ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գրախոսվող ամսագրերում, մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովների և հանդես եկել բանավոր զեկուցումներով:
Դասախոսել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և մի շարք այլ համալսարաններում ու գիտական կենտրոններում: