Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով

Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով։ Այս մասին գրում է «Արցախպրեսը»։
Սննդամթերքի ձեռքբերման նոր կարգը կգործի հունվարի 20-ից։
Նշենք, որ խոսքը վերաբերում է բրինձին, մակարոնեղենին, հնդկաձավարին, շաքարավազին և ձեթին։
«Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում և Արցախի պետական համալսարանում։ Ընդհանուր առմամբ կգործի 19 կետ»,– հայտնում է գործակալությունը։
Շրջկենտրոնների բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողները՝ իրենց համայնքապետարաններից:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Հունվարի 12-ին էլ, մեկ օրով, ինտերնետ ու բջջային կապի խափանումներ գրանցվեցին Արցախում։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։