ԿԳՄՍՆ-ն կադրերի պատրաստմամբ չի զբաղվում, սակայն անընդհատ ուզում է «գլխատել» այն կադրերին, որոնք տարիների փորձ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով արվեստի և մարզադպրոցների մասնագետների կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու որոշմանը։
Նշենք, որ հունվարի 12-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի` արվեստի դպրոցների մանկավարժներն ու մարզադպրոցների մարզիչները կամավոր ատեստավորմանը դիմելու հնարավորություն կունենան արդեն մարտին: Ապրիլին արդեն իսկ ատեստավորման գործընթացը կմեկնարկի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` ատեստավորման կարգն ու հարցաշարերն այժմ մշակման փուլում են։
«Կառավարությունը սկսած քաղաքականությունը տանում է առաջ` առանց հետևանքների մասին մտածելու։ Մեզ մոտ արվեստի և սպորտի դպրոցներում վարձատրությունն իսկապես շատ ցածր է, ինչի համար լավագույն մասնագետները չէ, որ գնում են այդ դպրոցներ։ Կա նման հարց` ի՞նչ կլինի, եթե ատեստացիային ոչ ոք չմասնակցի կամ դիմեն, բայց չկարողանան հաղթահարել, ինչը բնական կարող է լինել` հաշվի առնելով ոլորտում աշխատողների տարիքային շեմը։ Մենք ստանալու ենք քանդված վիճակ դպրոցներում»,–ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` սրա փոխարեն կարելի էր մտածել աշխատավարձերի բարձրացման, բուհերում կադրերի պատրաստման մասին և հետո միայն, որպես խրախուսական մեթոդ, ատեստավորման գործընթացը կիրառել։ Սակայն ոչ այս պահին և հիմա։ Բնականաբար, ըստ փորձագետի, այս ամենի հետևանքում հիասթափվողներ և ոլորտը լքողներ էլ կլինեն։
Մխիթարյանը կարծում է` առհասարակ ատեստավորումը չարդարացրեց իրեն` լավագույն դեպքում ուսուցչական կազմի 10 տոկոսն է հետաքրքրված դրանով։ Ընդ որում, հետաքրքրվածների մեծ մասն ուղղակի չեն գնում ատեստավորման, իսկ գնացածների զգալի մասն էլ չի կարողանում այն հաղթահարել.«Սա փաստում է, որ գործընթացը լավ մտածված և արդարացված չէ։ Մթնոլորտը, որը տիրում է կրթության բնագավառում, վատթարագույնն է, և միտված չէ բարեփոխումներին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը ձևականորեն է ուշադրություն դարձնում ոլորտին, իսկ ցածր աշխատավարձերն այլ բանի մասին են փաստում»։
Օլիմպիական չեմպիոն, Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի ղեկավար Հոկսեն Միրզոյանն էլ իր հերթին նշում է, որ մարզիչների, մարզադպրոցներում աշխատողների աշխատավարձը ցածր է։ Միրզոյանի աշխատավարձը 135 000 դրամի չի հասնում։ Ոլորտի մասին պատկերացում կազմելու համար, ըստ նրա, բավական է նայել` երիտասարդներից քանիսն են ուզում մարզադպրոցում աշխատել։
Սակայն եթե կլինեն մարդիկ, որոնք կուզենան դիմեն ատեստավորման համար, ապա, Միրզոյանի խոսքով, միայն ողջունելի է։ Հարցն այն է, որ անվանի մարզիկի համար անհասկանալի է, թե մարզիչը կոնկրետ ինչ քննություն պետք է տա, որ հասկանան` նա գիտելիքների շա՞տ, թե՞ քիչ պաշար ունի։
«Ես օլիմպիական խաղերի չեմպիոն եմ, և չեմ հասկանում` ի՞նչ քննություն պետք է տամ` անատոմիա՞, ֆիզիկա՞ պետք է հանձնեմ, թե պիտի հարցնեն` ծանրաձողն ինչպես պետք է բարձրացնեմ։ Ես ինքս կհրաժարվեմ` 62 տարեկան եմ արդեն, քննություն տալու ժամանակն անցել է։ Իհարկե, մեր դպրոցից կլինեն ատեստավորման գնացողներ, սակայն այն մարդիկ, որոնք 35-40 տարվա ստաժ ունեն, չեն գնա այդ քայլին»,–ասաց Միրզոյանը։
Նա նշեց նաև, որ ճիշտ կլիներ նախ որոշակիորեն աշխատավարձերի բարձրացում լիներ, հետո հանդիպեին մասնագետների հետ, լսեին նրանց և արդյունքում որոշումներ ընդունեն։ Բացի այդ, ըստ նրա, մարզիչների աշխատավարձը կարող են բարձրացնել` նրանց առջև խնդիր դնելով, որ 2 տարում ունենան աշակերտներ, որոնք հետագայում չեմպիոնի տիտղոս կնվաճեն։
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ղեկավար, անվանի խմբավար Տիգրան Հեքեքյանն էլ նշում է` լավ է, որ վերջապես երաժշտական և սպորտի դպրոցներին են անդրադարձել, քանի որ դրանք իրապես ուշադրության կարիք ունեն։ Նրա խոսքով` այսօր բոլորովին հրապուրիչ չէ երաժշտական դպրոցում դասավանդելը, քանի որ մասնագետները ցածր են վարձատրվում։ Հեքեքյանը, սակայն, հիշեցնում է` դատավորները, ԱԺ պատգամավորները, որոնք այսօր հսկայական աշխատավարձ են ստանում, կրթվում են հենց մանկավարժի կողմից։
«Եթե ուսուցիչն իր աշխատանքի համար ըստ արժանվույն չի վարձատրվում, կրթությունը գնալով վատանալու է։ Այսօր նույնիսկ միջակ կարողությունների դասատուների կարիք կա դպրոցներում։ Ուստի, կարծում եմ, ատեստավորման հարցում մի փոքր շտապողականություն կա, քանի որ ես չտեսա նաև, թե ինչպես են որոշել ատեստավորման գործընթացն իրականացնել»,–ասաց Հեքեքյանը։
Նա նշեց` խոսք կար թեստերի միջոցով ատեստավորում իրականացնելու, սակայն այստեղ կարող են ռիսկեր առաջանալ. տնօրեններ թեստավորման միջոցով են նշանակում, և անցնում են նրանք, ովքեր լավ անգիր են անում։ Բացի այդ, ըստ մաեստրոյի, կա այլ հարց` ովքե՞ր են թեստավորելու մասնագետներին. որպես կանոն` լինում են մարդիկ, որոնք կրթությունից կամ մանկավարժությունից հեռու են, երաժշտական ոլորտին գիտակ չեն։
«Ես չեմ ասում` պետք չէ նման փոփոխության գնալ, սակայն որոշումը հապճեպ է ընդունված։ Մանկավարժներն իրապես պատրաստ չեն` շոկ է լինելու նրանց համար։ Եթե անգամ մի քանի տասնյակն ատեստացիան անցնեն, վստահ չեմ, որ այն տվյալ մանկավարժի գիտելիքների իրական պատկերն է ներկայացնելու»,–ասաց Հեքեքյանը։
Նա կարծում է, որ մանկավարժին չպետք է ատեստավորեն հարցաթերթիկով, քննություններով, քանի որ մանկավարժը լավ մասնագետ է դառնում տարիների ընթացքում։