ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 4 հիվանդ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն ևս 4 հիվանդի է տեղափոխել Հայաստան»,-ասաց Ամատունին:
Արցախի տեղեկատվական շտաբից էլ մանրամասնում են, որ տեղափոխվածների մոտ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներ են գրանցվել։
Զառա Ամատունին տեղեկացրեց նաև, որ ուղեկցող երկու անձինք, որոնք ավելի վաղ Հայաստան էին ժամանել այլ հիվանդների հետ, ԿԽՄԿ-ի հետ վերադարձել են Արցախ:
Նախօրեին ևս հինգ հիվանդ, այդ թվում ՝ հղի կին, Արցախից տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։
Այսպիսով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պահից ի վեր Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխել 30 հիվանդ, հայտնել է Զառա Ամատունին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։