Վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ԵԽ–ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող

Ժելյանա Զովկո
Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցողը հորդորել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի՝ արդեն մոտ 4 շաբաթ տևող արգելափակմամբ, որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի` խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքներից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա»,– ասել է նա։
Այդ ամենից ելնելով`Զովկոն դիմել է Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի, հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին, իր լիազորությունների շրջանակում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար։ Նրա խոսքով` պետք է հաշվի առնել, որ ԼՂ–ում սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակաս կա։
Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցողը նաև դիմել է Հայաստանին և Ադրբեջանին` Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ:
ԵՄ բոլոր ինստիտուտներին էլ կոչ է արել անմիջապես ակտիվացնել միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։