Տաթև համայնքի նախկին ղեկավարին «Զվարթնոցից» տեղափոխել են Գորիսի ՔԿՀ. ԶԼՄ

«Զվարթնոց» օդանավակայան
Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը Մոսկվա–Երևան չվերթով տեղափոխվել է Հայաստան, և «Զվարթնոց» օդանավակայանից նրան տարել են Գորիսի քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Սիմոնյանի նկատմամբ հարուցվել են մի քանի քրեական գործեր, ինչի համար էլ հետախուզում է հայտարարվել։
«Երեկ Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած Մուրադ Սիմոնյանը ձեռնաշղթայված տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղից էլ նրան փոխանցել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին։ Բոլոր գործողություններից հետո Սիմոնյանին տեղափոխել են Գորիսի ՔԿՀ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– ասված է կայքում։
Սիմոնյանը հետախուզվում էր ՀՀ նախկին ՔՕ–ի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը), 179 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի (նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով), 308 հոդ. 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 308 հոդ. 2-րդ մասի (նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանքներով: