ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Մոլդովայի սահմանապահ ծառայության աշխատակիցներն այսօր հանրապետության հյուսիսում գտնվող Բրիչանի շրջանում հրթիռի բեկորներ են հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը։
«Սահմանապահ ոստիկանության պարեկն այսօր ցերեկը Լարգա սահմանային անցակետի շրջանում հայտնաբերել է հրթիռի բեկորներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում նշել են, որ սահմանապահ ոստիկանությունն իրականացրել է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագիրը։ Ուկրաինայի հետ սահմանին ավելացվել է ոստիկանական պարեկների թիվը։
Հրթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկացրել են 112 փրկարար ծառայությանը, ինչպես նաև «Բոմբտեխ» բրիգադին և Բրիչանի շրջանի դատախազությանը: Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությունը և սահմանապահ ոստիկանությունն ապահովում են տեղանքի պահպանությունը։
Հրթիռի պատկանելությունը չի հստակեցվում։
Սա երրորդ դեպքն է, երբ հրթիռների բեկորներ են ընկնում Մոլդովայի տարածք։