Հունաստանը մտադիր չէ ամերիկյան ռազմակայան տեղակայել Ալեքսանդրուպոլիսում. վարչապետ

Կիրիակոս Միցոտակիս
Երկրի վարչապետի խոսքով` Հունաստանի կառավարության նպատակը նավահանգիստները արդիականացնելն է և դրանք ժամանակակից սարքավորումներով հագեցնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան ռազմակայան չի նախատեսվում տեղակայել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ալեքսանդրուպոլիսում կայացած ասուլիսի ժամանակ։
«Թե ԱՄՆ–ն ինչպես կարող է օգտագործել այն (Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը. խմբ.), հստակ որոշվում է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում»,- ասել է Հունաստանի կառավարության ղեկավարը:
Խոսելով Ալեքսանդրուպոլիս նավահանգստի սեփականաշնորհումից հրաժարվելու կառավարության որոշման մասին` վարչապետը հայտարարել է, որ դա չի ազդի զարգացման ծրագրերի վրա։
«Մեր նպատակն է արդիականացնել նավահանգիստները, վերազինել դրանք ամենաժամանակակից սարքավորումներով»,-վստահեցրել է Միցոտակիսը:
Նրա խոսքով` Ալեքսանդրուպոլիսով կարող է ցամաքային միջանցք անցնել դեպի Սև ծով, ինչը կարող է Բոսֆորի նեղուցի այլընտրանք դառնալ։
Հիշեցնենք` ըստ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև նոր պաշտպանական համաձայնագրի, որը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ի տրամադրության տակ է անցել մի քանի ռազմակայան, այդ թվում` Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը և դրա կողքին գտնվող ռազմական ճամբարը։
Ալեքսանդրուպոլիսն ամենախոշոր նավահանգիստն է դեպի Արևելյան Եվրոպա և Ուկրաինա ամերիկյան ռազմական տեխնիկայի տարանցման համար։ Ըստ ԶԼՄ-ների` միայն հուլիսին այնտեղ ուղարկվել է 2500 ռազմական մեքենա և այլ տեսակի սպառազինություն: 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն Ալեքսանդրուպոլիսով ռազմական տեխնիկայի 19 երկաթուղային վագոն է ուղարկել Եվրոպա։