ՌԱԴԻՈ

ՀՀ իշխանությունը շատ փնթի էր կազմակերպել Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցը. քաղաքագետ

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` Ֆրանսիայի ԱԺ խոսնակի այցն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Հայաստանը գործ է ունեցել պալատական արևմտամետների կողմից զարգացվող կեղծ օրակարգի հետ։
Sputnik
ՀՀ իշխանությունը շատ փնթի էր կազմակերպել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակության` Հայաստանի համար շատ կարևոր այցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով այցի արդյունքները, նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Արդյունքում երևանյան այցի ընթացքում հնչեցին հայտարարություններ, որոնք ավելի շատ կարող են օգտագործվել մեր հակառակորդ պետության արտաքին քաղաքական զինանոցում, քան մեր։ Սա մեր դիվանագիտության, արտաքին քաղաքականության որակի խնդիրն է»,– ասաց նա։
Սուրենյանը պարզաբանեց` խոսքը մասնավորապես վերաբերում է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ շեշտադրմանը և հստակ ուղերձն այն մասին, որ Արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառի, որովհետև խաղաղությանը նպաստելու խնդիր ունի։
«Մի քանի ամիս շարունակ ՀՀ քաղաքական դաշտում մենք տեսնում ենք այսպես կոչված արևմտյան սեգմենտ, որը փաստորեն ուղղորդվելով իշխանության կողմից` պարբերաբար խաբում է մեր հասարակությանը, ասում է` եթե մենք փոխենք արտաքին քաղաքական կողմնորոշումը, ԼՂ խնդրի համար դա նպաստավոր կլինի։ Ասում են, որ Արևմուտքը պատրաստ է մեզ անվտանգային հարցերում աջակցել, դեմոնիզացնում են Ռուսաստանի կերպարը և փրկչի կերպարով ներկայացնում Արևմուտքը։ Իսկ երեկ մենք տիկին խոսնակի այցի և նրա հնչեցրած հայտարարությունների համատեքստում տեսանք, որ գործ ենք ունեցել մեր պալատական արևմտամետների կողմից զարգացվող կեղծ օրակարգի հետ»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը չի բացառում, որ այցի հետևանքով հանրության մեջ հակաֆրանսիական որոշակի նստվածք կառաջանա։ Նրա համոզմամբ` ՀՀ իշխանության մեղքով է, որ Հայաստանում մե՛կ հակառուսական, մե՛կ ինչ–որ այլ երկրի դեմ տրամադրություններ են ի հայտ գալիս։
«Դա մեր իշխանության սխալ քաղաքականության հետևանքն է, որովհետև մեր իշխանությունն իր անգործությունը քողարկում է այս կամ այն երկրին վերագրելով ինչ–որ առաքելություն, որն այդ երկրների առաջին դեմքերից որևէ մեկը մեր իշխանությանը չի խոստացել։ ՀՀ իշխանությունը պետք է սովորի պատասխանատվությունը չգցել այլ երկրների վրա ու այդ երկրներից հանրային սպասելիքների ճիշտ նշաձող սահմանել»,– ասաց Սուրենյանցը` միաժամանակ արձանագրելով, որ Հայաստանն այսօր բացի երկու երկրներից, աշխարհում այլ թշնամի երկրներ չունի։ Իսկ բարեկամ երկրների շարքում են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ–ն։ Պարզապես, նրանց հետ պետք է ճիշտ աշխատել ու ճիշտ ակնկալիքներ մատուցել հանրությանը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն–Պիվեն Հայաստան է ժամանել հունվարի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։