Հրեա ծայրահեղականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրառումներ են արել. «Մա՛հ արաբներին», «մա՛հ քրիստոնյաներին», «մա՛հ հայերին» և «վրեժ»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ հոգեշնորհ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին։
«Առաջին անգամ է, որ հայ առաքելական եկեղեցու վրա նման գրառումներ են թողնում, և առաջին անգամ է, որ «մա՛հ հայերին» գրառում էլ կար։ Ուրիշ տեղեր նախկինում շատ էինք տեսել «մա՛հ քրիստոնյաներին», «մա՛հ արաբներին» գրություններ, բայց ոչ մեր հայկական եկեղեցիների, վանքերի պարիսպների վրա։ Մենք իրոք շատ զարմացանք, ապշեցինք»,– ասաց Կորյուն վարդապետը։
Նրա խոսքով` միջադեպին այլ իրադարձություններ չեն նախորդել, հայերին ուղղված որևէ սպառնալիք կամ հայտարարություն չի եղել։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Իսրայելի ոստիկանություն բողոք է ներկայացրել, ոստիկանությունն էլ իր հերթին տեղեկացրել է քաղաքային իշխանություններին, որոնք մաքրել են եկեղեցու պատին արված գրառումները։
Երուսաղեմի հայկական եկեղեցու պատերին արված գրառումները
© Photo : канцелярия армянского патриархата Иерусалима
Տեր Կորյունի խոսքով` դեպքի վայրն ամբողջությամբ գտնվում է տեսախցիկների հսկողության տակ, և, իր տեղեկություններով, վանդալիզմի հեղինակներն արդեն ձերբակալվել են։
Երուսաղեմի հայկական եկեղեցու պատերին արված գրառումները
© Photo : канцелярия армянского патриархата Иерусалима
Հարցին, թե ովքեր ու ինչ նպատակով են կատարել տվյալ վանդալիզմը, Վարդապետը պատասխանեց. «Հրեա ծայրահեղականներ են, որոնք իրենց անհանդուրժողականությունն ու ատելությունը քրիստոնյաների նկատմամբ և առհասարակ հին քաղաքի բոլոր բնակիչների հանդեպ այսպես են արտահայտում։ Սա իրենց անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից մեկն է»։
Երուսաղեմի հայկական եկեղեցու պատերին արված գրառումները
© Photo : канцелярия армянского патриархата Иерусалима
Ըստ նրա` նման ծայրահեղական դրսևորումները պարբերաբար դատապարտվում են թե՛ հրեա հոգևորականների, թե՛ ԱԳՆ–ի, թե ՆԳՆ–ի կողմից։
Այս դեպքում ևս ոստիկանության քրիստոնյա համայնքների բաժինը ղեկավարող սպան, հոգևորականի խոսքով, զանգահարել է Պարգև Սրբազանին, դատապարտել կատարվածը, ապա նաև անձամբ այցելել պատրիարքարան, ծանոթացել իրավիճակին, ներողություն խնդրել։
«Ակնկալիքն այն է, որ այսպիսի դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար նման արարքների հեղինակները պատժվեն ըստ օրենքի»,– ասաց հոգևորականը։
Նշենք, որ Երուսաղեմի հայկական հոգևոր դասի նկատմամբ այդպիսի սադրանքները նորություն չեն։ Նախկինում ծայրահեղականները թքել էին Միաբանության անդամների վրա, եղել են դեպքեր, որ միջադեպը ծեծկռտուքի է վերածվել։