ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Իննա Չուրիկովայի ստեղծած կերպարները շատ երկար կապրեն, ՌԻԱ Նովոստիին ասել է կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը։
«Այնպես որ սա անդառնալի կորուստ է։ Համոզված եմ, որ նրա ստեղծած կերպարները շատ երկար կապրեն։ Նա բազմաթիվ ցնցող կերպարներ է ստեղծել կինոյում և թատրոնում: Ցավակցում եմ նրա ամուսնուն՝ Գլեբ Անատոլևիչ Պանֆիլովին, նրա հարազատներին, նաև հանդիսատեսին։ Չուրիկովան անփոխարինելի է»,-ասել է Շահնազարովը։
Ռեժիսորը նշել է, որ պատիվ է ունեցել աշխատել Չուրիկովայի հետ «Առաքիչը» («Курьер») ֆիլմում, որտեղ դերասանուհին գլխավոր հերոսի մոր դերն էր խաղում, այդ նկարահանումների մասին հիշողություններն ու տպավորությունները նրա կյանքի ամենավառ իրադարձություններից են:
«Այնպիսի ժամանակներ են հիմա․․․ ամեն ինչ արժեզրկվել է։ Շատերին են մեծ անվանում, իսկ այ Իննա Միխայլովնա Չուրիկովան իսկապես մեծ դերասանուհի էր, ընդ որում` ռուսական թատրոնի և կինոյի գոյության ամբողջ ընթացքի համար։ Նա բացարձակ հանճարեղ դերասանուհի էր»,-կարծում է Շահնազարովը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան մահացել է հունվարի 14-ին։ Նա 79 տարեկան էր։