Բրիտանիայի ԳՇ ղեկավարն ու ԱԳ նախարարը ներառվել են ռուսական «սև ցուցակում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նման քայլ է արվել, քանի որ Մեծ Բրիտանիան շարունակում է հակառուսական քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին և գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերը ներառվել են ռուսական «սև ցուցակում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հակառուսական քաղաքականության շարունակման պատճառով ընթացիկ տարվա հունվարին որոշվել է ռուսական «սև ցուցակում» ընդգրկել Բրիտանիայի նախարարությունների մի շարք անդամների, ուժային կառույցների և Միացյալ Թագավորության լրագրողական կորպուսի ներկայացուցիչների»,– ասված է մեկնաբանությունում։
Նրանց թվում են բրիտանական զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավարության և կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները։
«Նպատակահարմար չենք համարում հրապարակել մեր որոշման նոր ֆիգուրանտների ամբողջական ցանկը, առավել ևս, որ Լոնդոնի իշխանությունները հասկանում են, թե ում մասին է խոսքը»,– նշել է Զախարովան։
Նշվում է միայն, որ ցանկում են հայտնվել նաև շրջանների սոցիալ–տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերի նախարար Մայքլ Գոուվը և Լանկաստերի Դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը։