Արցախից ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան. նրանցից մեկը հղի է

Կարմիր խաչի ավտոմեքեներ
Կարմիր կաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ընդհանուր 24 հիվանդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 5 հիվանդի են տեղափոխել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

««Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդներ՝ « Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ», և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում» ախտորոշումներով, այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Մինչ այսօր Կարմիր կաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ընդհանուր 24 հիվանդի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։