ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:
«Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Միրզոյանը նաև ընդգծել է, Բրաուն–Պիվեի այցը վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է միջխորհրդարանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը։ Այս առումով առանձնահատուկ կարևորվել է 2 երկրի օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը։
Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն–Պիվեն Հայաստան է ժամանել հունվարի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։
Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: