ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանն ու Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջը շնորհավորել է պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:
Սերգեյ Ղազարյանը Արցախի արտգործնախարար է նշանակվել հունվարի 11-ին` ազատվելով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։