Անհրաժեշտ է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. USAID–ի ղեկավար

Սամանտա Փաուեր
ԱՄՆ ՄԶԳ կառավարչի կարծիքով` հումանիտար ճգնաժամի հավանականությունը օրեցօր շարունակում է մեծանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) կառավարիչ Սամանտա Փաուերը անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը։
«Լաչինի միջանցքի տրանսպորտային հաղորդակցությունն արդեն ավելի քան 1 ամիս արգելափակված է։ Ամեն օր, երբ բեռներն ու մարդասիրական օգնությունը հնարավոր չի լինում անարգել հասցնել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքում ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,– Twitter–ի իր էջում գրել է Փաուերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։