ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն 60 մլն դոլար կհատկացնի լիբանանյան բանակին աջակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի կառավարության իր աղբյուրին։
«Ամերիկյան օգնության շրջանակում հատկացվող գումարը կկազմի մոտ 60 միլիոն դոլար։ Այդ գումարը լիբանանյան բանակին փոխանցելու համար որպես միջազգային միջնորդ կազմակերպություն հանդես կգա ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP, United Nations Development Programme)», - նշել է աղբյուրը։
Նրա տվյալներով՝ այդ միջոցները կուղղվեն լիբանանցի զինծառայողների հավելավճարների վճարմանը, որոնց աշխատավարձը ազգային արժույթի փոխարժեքի անկման հետևանքով կրճատվել է 95 տոկոսով` եթե 2019 թվականի հոկտեմբերին կազմում էր շուրջ 800 դոլար, ապա հիմա` 50 դոլարից պակաս:
Լիբանանն ավելի քան երեք տարի գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական և հասարակական լարվածությամբ։ Գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել բանկային համակարգը, ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 20 անգամ։ Բնակչության ավելի քան 70%-ը հայտնվել է աղքատության շեմին։