ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (վրաց-ռուսական սահման) ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում շարունակում են գործել սահմանափակող միջոցառումները: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Պավլե Գամկրելիձեն։
«Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհըշարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
«Այս պահին պահպանվում է սահմանափակումը Կոբի-Գուդաուրի հատվածում։ Ուժեղ քամու պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասել է Գամկրելիձեն։
Նրա խոսքով՝ սահմանափակումները հաստատվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
«Երբ եղանակը լավանա, անարգել երթևեկությունը կվերականգնվի»,- հավաստիացրել է պաշտոնյան։
Ինչ վերաբերում է մարդատար ավտոմեքենաներին, ապա թունելներում միակողմանի երթևեկության ռեժիմ է գործում։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։