ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այց կկատարի Էստոնիա: Տեղեկությունը հայտնում է «The Baltic Times»-ը։
«Վահագն Խաչատուրյանը հունվարի 16-ին հանդիպում կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն 2 երկրի հարաբերությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում համագործակցության հարցերը: Քննարկվելու է նաև Եվրոպայում անվտանգության իրավիճակը»,– ասված է կայքում։
ՀՀ նախագահն իր այցի ընթացքում հանդիպելու է նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրես Սուտի հետ: Խաչատուրյանը կայցելի նաև Տալինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia բրիֆինգ կենտրոն:
Երկուշաբթի երեկոյան Էստոնիայի նախագահի անունից ի պատիվ ՀՀ նախագահի Մաարջամաե ամրոցում կտրվի ընթրիք:
Հունվարի 17-ին Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի և արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ, ինչպես նաև կայցելի Էլեկտրոնային կառավարման ակադեմիա: