ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Կոնջորյան

Հայկ Կոնջորյանը նշեց, որ պետք է ընդդիմությանը հնարավորություն տան, որ գնա խորհրդարան և աշխատի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար չդիմել Սահմանադրական դատարան։ ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Որոշել ենք չդիմել ՍԴ և հնարավորություն տալ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Սա մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր հարգանքի նշանն է։ Պետք է ընդդիմությանը հնարավորություն տանք գալ խորհրդարան և աշխատել, քանի որ սխալ է պարազիտանալ հարկատուների վրա»,–ասաց Կոնջորյանը։
Նրա խոսքով` ՍԴ չդիմելու իրենց այս որոշումը չի նշանակում, որ հետագայում այլ որոշումներ չեն կարող ընդունվել։ Կոնջորյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիրները խորհրդարան կվերադառնան։
Քաղաքական շանտաժ է. Մինասյանը` ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին
Հիշեցնենք` ԱԺ խորհուրդը որոշել էր հետաձգել այս հարցով քննարկումը, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել նիստին։ Ըստ օրենքի՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից: