Պետք է G20-ի անդամները Բաքվի վրա ճնշում գործադրեն. Միրզոյանը` Լաչինի միջանցքի փակման մասին

Ըստ ԱԳ նախարարի` տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար պետք է միջազգային փաստահավաք առաքելության գործուղել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու ԼՂ ժողովրդի անմարդկային շրջափակումը։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն հայտարարել է G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովի» ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նրա պնդմամբ` անհրաժեշտ է նաև ճնշում գործադրել` բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։
«Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման։ Շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների»,– ասել է Միրզոյանը։
Նա իր ելույթում նաև ապօրինի է անվանել այն, որ ադրբեջանական շրջափակման պատճառով ԼՂ ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։
«Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Պետք է նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքն ապահովել»,– նշել է Միրզոյանը։
Նախարարն անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի հարցին և նշել, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը զարգացնելու հարցում։
Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
«Աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ, իսկ բացառման երևույթները շարունակում են աճել, մենք պետք է ներառական գործընկերության համար նոր ուղիներ բացահայտենք։ Այդպիսով կմեղմվեն բացասական միտումները և կօգտվեն գլոբալ հարավի հսկայական ներուժից: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը»,– ասել է Միրզոյանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։