Ինչո՞ւ է սփյուռքը պասիվ Լաչինի հարցում. ԱՄՆ հայ համայնքի և դեսպանատան օրակարգերը տարբեր են

Ակցիաներ սփյուռքում. Արխիվային լուսանկար
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն ասում է, որ ներկա ղեկավարությանն այդպես էլ չհաջողվեց իր շուրջը համախմբել սփյուռքահայերին, և սփյուռքի ներուժն ինչ-որ առումով ջախջախվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Սփյուռքի ներուժը կարելի է արդյունավետորեն օգտագործել, եթե Հայաստանից միավորող մեսիջներ հասնեն մեր հայրենակիցներին, կամ լինեն մարդիկ, ովքեր կկարողանան իրենց շուրջը համախմբել նրանց` օգտագործելով այդ ներուժը, բայց այսօր Հայաստանում այդպիսի ղեկավար չկա։
Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որի հետ Sputnik Արմենիան խոսել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության հանդեպ սփյուռքի պասիվության, դրա պատճառների և հետևանքների մասին։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի սփյուռքում։ Այդուհանդերձ նա նշել էր, որ ՀՀ–ում հանրությունն ավելի բուռն արձագանքի էր սպասում, ինչպիսին կար 44-օրյա պատերազմի ընթացքում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը մեղմ է։
«2018 թվականի հեղափոխության օրերին պնդում էին, որ սփյուռքը լրջագույն ներդրումներ է անելու ՀՀ–ում, սակայն նույնիսկ միջին ծավալի ներդրումներ, այդ թվում ԱՄՆ–ից, չարվեցին։ 2020 թվականի պատերազմի օրերին սփյուռքն ամբողջությամբ համախմբվել էր` իրականացնելով բողոքի մեծ ակցիաներ, գործողություններ, դրամահավաքներ, սակայն շատերի մոտ հարց առաջացավ, թե պատերազմից հետո կուտակված միջոցներն ուր գնացին։ Երբ ամերիկահայ համայնքը տեսնում է այս ամենը, բնականաբար համախմբվելուն ուղղված ապագայի ջանքերը հետզհետե պակասում են»,– ասաց քաղաքագետը։
Սարգսյանի խոսքով` բացառված չէ, որ որոշ ուղղություններով դեռ կլինեն ակցիաներ, գուցեև կոնկրետ գործողություններ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամերիկահայ համայնքի մեջ նույնպես սեպ է խրվել, այսինքն` այնտեղ կան ինչպես ՀՀ գործող իշխանության համակիրներ, այնպես էլ հակակրողներ։ Հետևաբար մեր հայրենակիցներն իրադարձություններին արձագանքում են նույն կերպ, ինչպես մենք Հայաստանում։
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես է սփյուռքի գործերով հանձնակատարն աշխատելու Հայ Դատի գրասենյակի հետ, որն իր հերթին ամենաազդեցիկ ամերիկահայ կառույցներից է և իր գործունեությունը ծավալելու է անկախ այն հանգամանքից, թե ինչ արտաքին քաղաքականություն է իրականացնելու ՀՀ գործող իշխանությունը»,– ասաց Սարգսյանը։
Մեր զրուցակցի կարծիքով` ԱՄՆ–ի հայ համայնքը շատ ավելի ակտիվ է Վաշինգտոնում գործող ՀՀ դեսպանությունից, ավելի արդյունավետորեն է աշխատում Կոնգրեսի հետ։ Տարատեսակ նախագծեր են բերվում Ներկայացուցիչների պալատ, քննարկվում են բանաձևեր, դիտարկվում հակաադրբեջանական պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը։ Այդ ամենն արվում է բացառապես ամերիկահայ համայնքի ջանքերով, ու թեև որոշ հայտարարություններն ու բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն, բայցևայնպես լուրջ ու կարևոր նախադեպ են քաղաքական տեսանկյունից։
Անդրադառնալով ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի գործունեությանը` Սարգսյանն ընդգծեց, որ Լիլիթ Մակունցն առանձնապես ակտիվ չէ, և մեր դեսպանատան կայքէջից կարելի է եզրակացնել, որ նրա կողմից կա մինիմալ ներգրավվածություն գործընթացներում։ ՀՀ դեսպանի և մեր իշխանության օրակարգն էապես տարբերվում է սփյուռքի, մասնավորապես ամերիկահայերի, այդ թվում Հայ Դատի գրասենյակի օրակարգից։ Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումներում կան էական տարբերություններ։
«ՀՀ դեսպանն աշխատում է չներքաշվել հակաթուրքական կամ հակաադրբեջանական պրոցեսների մեջ, խուսափում է մասնակցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառումներին, ներկա չի լինում այն հանդիպումներին, որոնք կազմակերպում են ՀՅԴ ներկայացուցիչները, այսինքն` գերադասում է չշփվել նրանց հետ, ովքեր քննադատում են ՀՀ գործող իշխանությանը»,– ասաց քաղաքագետը։
Նա ցավով և ափսոսանքով նշեց, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ներկա ղեկավարությանն այդպես էլ չհաջողվեց իր շուրջը համախմբել հայրենակիցներին, և սփյուռքի ներուժն ինչ–որ առումով նույնիսկ ջախջախվեց։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Հաագայի դատարանը հունվարի 30–ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի