ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում (մեծ մասամբ՝ խորհրդային) հին Նոր տարին են նշում։ Այս տոնը նշելու անհրաժեշտություն ծնվել է հին և նոր տոմարների տարբերության պատճառով։
Իհարկե, այդ տոնն առանձնապես նշանակություն չունի ու ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, բայց այդ օրն ընդունված է շնորհավորել միմյանց ու տոնական փոքր սեղան գցել։
Բացի հին Նոր տարուց, Հայ առաքելական եկեղեցին այդ օրը նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը։ Այն խորհրդանշում է Հին և Նոր կտակարանների հանդիպումը:
Ծնվելուց հետո ութերորդ օրը, Հին կտակարանի համաձայն, Հիսուսին թլպատել են ու միայն դրանից հետո անուն են տվել։
Ինչո՞ւ չտոնել, եթե առիթ կա
Հարյուր հինգ տարի առաջ՝ 1918 թվականին, Ռուսաստանն անցավ նոր տոմարի։ Օրացույցից գրեթե մեկ ամիսը կորավ, ու հունվարի 31-ից հետո միանգամից եկավ փետրվարի 14-ը։
Ժողկոմիսարների խորհրդի որոշման մեջ նշվեց․ «Հունվարի 31-ին հաջորդող օրը համարել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 14-ը, երկրորդ օրը՝ փետրվարի 15-ը, և այդպես շարունակ»։
Արդյունքում օրերը 13-ով հետ ընկան, ու հայերը` ԽՍՀՄ այլ հանրապետությունների պես, սկսեցին Նոր տարին նշել դեկտեմբերի 31-ին, իսկ Հին Նոր տարին «բաժին հասավ» հունվարի 13-ին։
Հին ու նոր տոմար
XVI դարում գիտնականները նկատել են, որ հուլիական օրացույցի անճշտությունների պատճառով յուրաքանչյուր 128 տարին մեկ մի ավելորդ օր է մնում։ 1582թ.-ին Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Գրիգորյան կամ նոր տոմարով օրացույցի։ Հուլյան կամ հին և Գրիգորյան կամ նոր օրացույցների միջև տարբերությունը կազմում է 13 օր։
Նման տարբերությունը կպահպանվի մինչև 2100թ-ի մարտի 14-ը, քանի որ այն Գրիգորյան օրացույցով ոչ նահանջ տարի է (այս թիվը բաժանվում է 4-ի և 100-ի, բայց չի բաժանվում 400-ի)։ Դրանից հետո տարբերությունը կկազմի արդեն 14 օրացուցային օր։