Վահագն Խաչատուրյանը Լաչինի միջանցքի խնդիրը քննարկել է Գերմանիայի նախագահի հետ

Վահագն Խաչատուրյան
Գերմանիայի նախագահն ասել է, որ պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսով քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:
Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին՝ նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Հունվարի 10-ին Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում վթար է արձանագրվել, որի պատճառով այժմ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ից խափանումներով է գործում նաև ինտերնետ կապը։