Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենը
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է, որ իր երկիրը պետք է կանգնած լինի եղբայրական ժողովրդի կողքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին` ամրապնդելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։
«Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը, և մենք պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովրդի կողքին»,– ասաց նա։
Պատասխանելով լրագորղի հարցին, թե ժամանակը չէ արդյո՞ք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց.
«Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը։ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, և սա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,– ասաց նա։
Յաել Բրաուն-Պիվեն հիշեցրեց սակայն, որ և՛ սենատը, և՛ խորհրդարանի ստորին պալատը ընդունել են Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձևեր։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն–Պիվեն Հայաստան է ժամանել երեկ՝ հունվարի 12-ին, Ալեն Սիմոնյանի հրավերով։
Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:
Պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։