ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» թեմայով բանավեճ կլինի, տեղեկանում ենք ԵԽ կայքից։
Բանավեճը տեղի կունենա հունվարի 18-ին, ԵԽ լիագումար նիստի ժամանակ կքննարկվի Լաչինի թեման։
Թե ովքեր կլինեն բանավեճի կողմերը, հայտնի չէ։ Նշվում է միայն, որ բանավեճի արդյունքում հայտարարություն կընդունվի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Հունվարի 10-ին Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում վթար է արձանագրվել, որի պատճառով այժմ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Հունվարի 12-ից խափանումներով է գործում նաև ինտերնետ կապը։